Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ճարտարապետի որդին՝ Արման Նալբանդյանը:
«Խորը կսկիծով հայտնում եմ, որ այս գիշեր կյանքից անժամանակ հեռացավ հայրս` ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը։
Հոգեհանգստի արարողությունը կկայանա հունվարի 25-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, թաղման կարգը՝ հունվարի 26-ին՝ ժամը 13:00-ին»,- գրել է Արման Նալբանդյանը։
Ստեփան Նալբանդյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 4-ին: Սովորել և ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (նախկինում Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ) ճարտարապետության ֆակուլտետը:
1988 թ. երկրաշարժից հետո «Երկիր և մշակույթ» հայաստանյան մասնաճյուղի նախագահն էր և այդ կազմակերպության միջոցներով իրականացրել է ՀՀ տարածքում գտնվող մի շարք հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ:
Ստեփան Նալբանդյանը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում պատմության ու մշակույթի մի շարք անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծերի հեղինակ է, «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» համանախագահ, Հայաստանի ճարտարապետների միության անդամ: ՀՀ և այլ պետությունների կողմից արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի: