ԱՄՆ նախագահությունը լքող Դոնալդ Թրամփն իր մերձավոր աջակիցների հետ քննարկում է նոր կուսակցություն ստեղծելու հնարավորությունը՝ հայտնում է INTERFAX-ը` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:
Նախագահն ասել է, որ ցանկանում է նոր կուսակցությունը կոչել «Հայրենասիրական կուսակցություն»: Լուրը տարբեր արձագանքներ է առաջացրել: Շատերի համար անհասկանալի է, թե որքան լուրջ է Թրամփը նոր կուսակցություն ստեղծելու հարցում, քանի որ դա ժամանակի և ռեսուրսների զգալի ներդրում է պահանջում:
Կա նաև այն տեսակետը, որ նոր կուսակցություն ստեղծելու ցանկացած փորձ կբախվի Հանրապետական կուսակցության ղեկավարության բուռն դիմակայությանը: Նրանց «կզայրացնի այն միտքը, որ Թրամփը չի աջակցելու հանրապետական թեկնածուներին» նոր նախագահական ընտրություններում:
Վերջին օրերին ԱՄՆ հեռացող նախագահը հակասության մեջ է մի քանի բարձրաստիճան հանրապետականների, այդ թվում՝ Սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելի հետ, որը Թրամփին մեղավոր է համարել հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումը հրահրելու համար: Միևնույն ժամանակ, հարցումները ցույց են տալիս, որ Թրամփը պահպանում է Հանրապետական կուսակցության սովորական ընտրողների աջակցությունը: