Աթենքի և Համայն Հունաց Արքեպիսկոպոս Նորին Սրբություն Տ.Տ. Իերոնիմոս Արքեպիսկոպոսի խոսքերն իսլամի մասին վրդովմունք են առաջացրել Թուրքիայի քաղաքական և կրոնական շրջանակներում, գրում է ermenihaber-ը:
Հույն հոգևորականը հայտարարել էր, որ իսլամը ոչ թե կրոն է, այլ քաղաքական կուսակցություն, և իսլամի հետևորդների նպատակը քաղաքական է: Նրանք պատերազմի մարդիկ են, թալանի մարդիկ և իսլամի բուն էությունը հենց դա է։
Վերոնշյալ հայտարարությանն արձագանքել է նախ Թուրքիայի արտգործնախարարությունը, ապա Թուրքիայի կրոնական հարցերով վարչության նախարար Ալի Էրբաշը: Արքեպիսկոպոսի հայտարարությունը նրանք որակել են «հակաիսլամական»: Ըստ թուրքական կողմի՝ նման հայտարարությամբ հույն հոգևորականը փորձել է թշնամանք սերմանել իսլամի դեմ:
Հունական կողմը պարզաբանել է Իերոնիմոս արքեպիսկոպոսն ի նկատի է ունեցել ոչ թե ընդհանուր իսլամը, այլ դրա ծայրահեղ դրսևորումները: