Ընդամենը 5 օրից ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունն է, իսկ սկանդալները չեն պակասում: Կոնգրեսի շենք ներխուժած մարդկանց մեջ նաև զինվորականներ ու ոստիկաններ են եղել: Մոտ հարյուր ձերբակալված կա, նրանց շարքում՝ երկու ուժային: Իշխանությունը Վաշինգտոնում անվտանգության աննախադեպ միջոցառումներ է հաստատել:
Իրավապահ մարմինները չեն բացառում, որ ամբողջ երկրում անկարգություններ սկսվեն, բայց ամենաթեժ կետը, նրանց համոզմամբ, Վաշինգտոնն է: Մայրաքաղաք ժամանողներին արգելված է զենք կրել: Ըստ տեղեկությունների, Ազգային գվարդիայի ավելի քան 20 հազար զինծառայող է պաշտպանելու նախագահի պաշտոնն ստանձնող Ջո Բայդենին: Մինչև երդմնակալությունը Բայդենը ներկայացրել է իր «Ամերիկայի փրկության ծրագիրը», որը կպահանջի գրեթե երկու տրիլիոն դոլար:
Ջո Բայդեն, ԱՄՆ ընտրված նախագահ - Մենք հայտնվել ենք տնտեսական և հանրային ճգնաժամերի մեջ, որոնք մի քանի սերունդը մեկ են պատահում: Ես ներկայացնում եմ առաջին քայլը` «Ամերիկայի փրկության ծրագիրը», որով կլուծվի համավարակի խնդիրը և ֆինանսական օգնություն կտրամադրվի դրա կարիքն ունեցող ամերիկացիներին:
Մեկ այլ տեղեկությամբ, նախագահ Թրամփը վիրավորված է կուսակիցներից, որոնք իրեն անհրաժեշտ աջակցություն չեն ցուցաբերել: Նա նույնիսկ հրաժարվել է վճարել անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին, որն իր ծառայությունների համար Թրամփից ստանում էր օրական 20 հազար դոլար: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Ջուլիանին կարևոր դեր է ունեցել երկու նախագծում էլ, որոնց պատճառով երկու անգամ դրվեց Թրամփի հրաժարականի պահանջը: