2020-ը շտապօգնության ծառայության համար ամենածանրերից էր: Կորոնավիրուսն ու պատերազմը նույնիսկ համալրումներ են թելադրել՝ թե' մարդկային ուժի, թե' տեխնիկայի: Բայց միևնույն է՝ բոլոր կանչերը չէ, որ հնարավոր է եղել սպասարկել: 2019-ի համեմատ 59 հազարով ավելի կանչ սպասարկելու պայմաններում անգամ ծառայությունը բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունն է հարուցել:
Թագուհի Ստեփանյան («Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն) - Կանչերն ընդհանրապես չեն մերժվել, ուղղակի որոշ կանչեր, որոնք անհետաձգելի չէին, գուցե ավելի ուշ են սպասարկվել:
Շտապօգնության ծառայության ղեկավարը պարզաբանում է, որ հաճախ շտպաօգնությունը ստիպված հիվանդանոցի դեր է ստանձնել, քանի որ հիվանդանոցները գերծանրաբեռնված էին:
Թագուհի Ստեփանյան - Այսինքն՝ մենք արդեն տանը մատուցում էինք օգնություն, հիվանդը 2 րոպեի տեղը կարող էր մնալ 2 ժամ, որովհետև հիվանդը կարիք ուներ թթվածին շնչելու, վիճակը կայունացնելու:
Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը կանչերի թվից կարելի է ենթադրել, որ Ամանորին հյուր գնալ-գալու, շատ ուտել-խմելու սովորությունից Հայաստանում այս տարի շատերն են հրաժարվել: 2019-ի համեմատ 2020-ի այդ օրերին մոտ 1400-ով քիչ կանչ է ստացվել, իսկ սննդային թունավորման ոչ մի դեպք չի արձանագրվել:
Թագուհի Ստեփանյան - Նոր տարվա օրերն անցել են ավելի հանգիստ, քան անցած տարի, և մենք սպասարկել ենք 1377 կանչով ավելի քիչ, քան անցյալ տարի. դա կազմել է մոտ 6 հազար կանչ:
Ու չնայած տարվա կտրվածքով պակասել են նաև երեխաների ու վնասվածքների համար կանչերը, 2020-ին 19-ի համեմատ շտապօգնության ծառայությունը գրեթե 70 հազարով ավելի կանչ է սպասարկել: Առավելագույն կանչերը մայիսին են գրանցվել, նվազագույնը՝ օգոստոսին: