Հակակորոնավիրուսային սահմանափակումներն այս տարի եվրոպացիներին զրկեցին ավանդականի պես տոնական նշել Սուրբ Ծնունդը: Այն անցավ առանց տոնավաճառների ու ուրախ տրամադրության, համեստ, հանգիստ պայմաններում: Նույնիսկ հյուրերի թիվը խիստ սահմանափակ էր: Իտալացիների համար անսովոր էր քաղաքների ու հրապարակների դատարկությունը: Կորոնավիրուսի պատճառով երկրում փակվել են խանութները, տեղաշարժը մեծամասամբ արգելվել է:
Խիստ լոքդաուն է նաև Գերմանիայում: Եկեղեցիներում արգելվել է նույնիսկ սուրբծննդյան տոնական երգ, երաժշտությունը, տուն կարելի է հրավիրել միայն չորս մարդու:
Բելգիայում կանոններն ավելի խիստ են: Այստեղ կարող ես երկու մարդ հրավիրել, ավելիի դեպքում հյուրը տուգանվում է 250 եվրո, հյուրընկալողը՝ 750: Ոստիկանությունը դրոնների միջոցով հետևում է բնակարաններին՝ մարդաշատ հավաքները ցրելու համար, ստուգվում են սննդի մեծ պատվերները: Բելգիայի թագավոր Ֆիլիպը, սակայն, փորձել է բարձրացնել երկրի բնակչության տրամադրությունը.
Ֆիլիպ Լեոպոլդ Լյուդովիկ Մարիա, Բելգիայի թագավոր - Դժվարությունները շատ են, բայց ճգնաժամը հաղթահարելի է, կարող ենք աստիճանաբար ծրագրեր կազմել ու հավատալ ապագային:
Եվրոպացի հարևանների համեմատ՝ ֆրանսիացիներն ավելի լավ վիճակում են: Այստեղ Սուրբծննդյան տոնի առիթով մեկ օրով չեղյալ է հայտարարվել պարետային ժամը, որպեսզի մարդիկ տոնական նշեն կաթոլիկ աշխարհի համար այս կարևոր օրը: Մեկշաբաթյա կարանտինից հետո ընտանիք է վերադարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Եվրամիության երկրներից միայն Ֆինլանդիան չի մտցրել սահմանափակումներ սուրբծննդյան տոներին: Այստեղ կորոնավիրուսով հիվանդների ամենօրյա թիվն անհամեմատ փոքր է:
COVID-19 համավարակի սահմանափակումներին հետևելով՝ տոներին է նախապատրաստվել նաև Մոսկվան՝ լույսերով զարդարված գլխավոր հրապարակներն ու փողոցները բնակիչներին հրավիրում են տոնական զբոսանքների: Այս տարի մոսկվացիներն էլ են ոչ ավանդական ձևով նշելու Սուրբ Ծննդի տոնն ու նոր տարին, կորոնավիրուսի ռեկորդային վարակի և մահերի պատճառով չեղյալ են հայտարարվել տոնական միջոցառումները, փակվել են գիշերային ռեստորաններն ու ակումբները:
Միացյալ Նահանգներում Ֆլորիդայի բնակիչներից շատերը, չնայած կորոնավիրուսի վարակի մեծ վտանգին, որոշել են իրենց չզրկել սերֆինգի հաճույքից և հավաքվել են ավանդական տարազներով լողալու: Ոմանք սահմանափակվել են միայն գլխարկներով, ոմանք էլ ամբողջովին կրել են Ձմեռ պապի հանդերձանքը: Ի դեպ, նույնիսկ համավարակի պայմաններում նրանք տոնին մասնակցել են երեխաների և ծնողների հետ: