Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռբերման պատճառով ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները համարել է սխալ որոշում՝ գրում է Ermenihaber-ը:
Նա նշել է, որ Թուրքիան անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ի պատժամիջոցները չվնասեն երկրին:
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ մասնավորապես ՆԱՏՕ-ի շրջանակում միասին իրականացվող գործողությունների վրա դրանք բացասաբար են ազդելու։ Պետք է ԱՄՆ-ը անհապահաղ հետ կանգնի այս սխալ որոշումից։ Սպասում ենք որոշման շտկմանը»,- ասել է թուրք նախարարը։
Անդրադառնալով Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի ապօրինի գործողությունների հետևանքով թուրք-հունական հարաբերություններում առաջացած լարվածությանը՝ նա պնդել է, որ իրենք միայն ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքները։ Աքարի համոզմամբ՝ Հունաստանը «բացասաբար է ներկայացնում Թուրքիայի իրավունքի փնտրտուքը»։
Նրա խոսքով՝ հարցի լուծման ամենաճիշտ ճանապարհը Թուրքիայի հետ Հունաստանի բանակցելն է: Աքարը միաժամանակ ընդգծել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիան ծրագրեր ունի և փորձում է առաջընթաց գրանցել։