Եվրոպայի մուսուլմանների սոցիալական համախմբման նախաձեռնության մամուլի խոսնակ և Բրյուսելում Թուրքիայի դեսպանության մամուլի նախկին խորհրդական Վեյսել Ֆիլիզի մեքենայում 100 կիլոգրամ հերոին է հայտնաբերվել: Այդ մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ Sputnik լրատվական գործակալության թուրքական բաժնին հղում անելով։
Նախնական տեղեկությունների հիման վրա Թուրքիայի ոստիկանությունն ընտանիքի հետ Բուլղարիա մեկնել ցանկացող Վեյսել Ֆիլիզին «Էդիրնե Համզաբեյլի» սահմանային անցակետում բերման է ենթարկել։
Խուզարկվել է Ֆիլիզի մեքենան, որի գաղտնի խցիկում հայտնաբերվել է 100 կիլոգրամ հերոին՝ մոտ 5 միլիոն եվրո շուկայական արժեքով: Ֆիլիզը հեռացվել է պաշտոնից Թուրքիայում 2016 թ․ հեղաշրջման փորձից հետո՝ մեղադրվելով գյուլենականներին աջակցություն ցուցաբերելու համար։ Հայտնի է դարձել, որ Ֆիլիզը շահել էր իր դեմ ներկայացված բոլոր դատավարությունները և մեկ ամսվա ընթացքում պետք է վերադառնար իր պաշտոնին։ Յոզգաթում գտնվող Վեյսել Ֆիլիզի հարազատները պնդում են, որ միջադեպը դավադրություն է, և Էրդողանը փորձում է անհիմն մեղադրանքներով պատժել նրան՝ գյուլենական լինելու համար։