ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողներն Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության ենթակա տարածքում շարունակում են ինժեներական հետախուզական և ականազերծման աշխատանքները:
Օրվա ընթացքում ռուս խաղաղապահները պայթուցիկներից մաքրել են Ստեփանակերտի հարավային ծայրամասի մեծ տարածք: Ինժեներական հետազոտության ընթացքում հայտնաբերվել է 10 կասետային զինամթերք:
Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ վայր և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ դուրս բերել վայրից, ոչնչացվում է տեղում` անհրաժեշտ անվտանգության միջոցառումների կիրառմամբ:
Ընդհանուր առմամբ, Արցախում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 45 հա տեղանք, ավելի քան 14 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 1120 պայթուցիկ:
Պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնումը: Մեկ օրվա ընթացքում վերականգնվել է ավելի քան 2000 մ էլեկտրահաղորդման գիծ, յոթ էլեկտրահաղորդման աշտարակ, 1600 մետր գազատար, 1200 մետր կապի գիծ, մեկ տրանսֆորմատորային ենթակայան: