Այս տարի Լոռու մարզում իրականացվում է բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագիր: Նախագիծն իրականացվելու է համայնքների զարգացման պետական սուբվենցիոն ծրագրերով՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությամբ և համաֆինանսավորմամբ:
Անդրե Օհանյան (ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցչության փորձագետ) - Աջակցում ենք պետությանը՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն, նախագծային փաթեթներում՝ խորհրդատվություն, որակի վերահսկողություն, նաև ապահովել ենք 25 տոկոս համաֆինանսավորում:
Սպիտակ համայնքում իրականացվելու է երեք շենքի ջերմախնայողության և էներգետիկ արդիականացման ծրագիր: Երկու շենք կարդիականացվի հաջորդ տարի, իսկ Թորոսյան 21 շենքում աշխատանքները գրեթե ավարտվել են: Արդյունքները գոհացուցիչ են, ինչն ակնհայտ է դառնում անգամ չջեռուցվող շենքի շքամուտքում:
Սուսաննա Ավագյան (Սպիտակի Թորոսյան փողոցի բնակիչ) - Մենք ոչինչ չենք օգտագործում, կարող եք ներս գալ, տեսնել, թե ինչքան տաք է: Շատ գոհ ենք այս ծրագրից:
Ծրագրի նպատակն այն է, որ օգտագործելով ջերմամեկուսիչ նյութեր և միջոցներ՝ նվազեցվի բնակարանների ջեռուցման նպատակով ծախսվող էներգիան և դրա համար բնակչության վճարվող ծախսերը:
Բացի տանիքի փոխվելուց, այն նաև ջերմամեկուսացվել է: Փոխվել են շքամուտքերի պատուհաններն ու դռները: Ջերմամեկուսացման և էներգախնայողության աշխատանքներ են իրականացվում նաև մարզի Ստեփանավան, Վանաձոր, Տաշիր և Ախթալա քաղաքներում՝ ավելի քան 20 շենք:
Անդրե Օհանյան - Ակնկալում ենք մինչև 60 տոկոս խնայողություն, իհարկե, հաշվի առնելով՝ բնակիչները մինչև 50 տոկոս իրենց գրպանի վրա կզգան:
Ծրագրի տեխնիկական կողմի պատասխանատուն կատարված աշխատանքի պարբերական նորոգումներն ապահովելու նպատակով նախաձեռնելու է պարբերական մուծումներով դրամական ֆոնդերի ստեղծում: