Երեք հեռարձակման ցանցերը ընդհատել են նախագահ Թրամփի՝ հինգշաբթի երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ցուցադրությունը, երբ նա պնդել է, որ նախագահական ընտրություններում «կեղծիք» է տեղի ունեցել:
NBC Nightly News հաղորդաշարի հաղորդավար Լեսթեր Հոլթն այդ քայլին է դիմել մամուլի ասուլիսից մոտ հինգ րոպե անց:
«Մենք այստեղ պետք է ընդհատենք, քանի որ նախագահը մի շարք սխալ հայտարարություններ արեց, այդ թվում նաև այն կարծիքը, թե տեղի են ունեցել կեղծ քվեարկություններ», հեռուստադիտողներին է ասել Հոլթը: «Այդ պնդման վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել»:
Որոշ ժամանակ անց CBS-ի հաղորդավարուհի Նորա Օ'Դոնելն էլ է նույն կերպ վարվել՝ փաստերի ստուգման համար: Նրանց օրինակին է հետևել նաև ABC-ն:
MSNBC-ն առաջին ալիքն էր, որ ընդհատել է Սպիտակ տան մամուլի ասուլիսին մասնակցությունը՝ սկսվելուց մոտավորապես երկու րոպե անց:
«Մենք նորից անսովոր իրավիճակում ենք ոչ միայն ընդհատելով Միացյալ Նահանգների նախագահին, այլև ուղղելով Միացյալ Նահանգների նախագահին»,- ասել է MSNBC-ի հաղորդավար Բրայան Ուիլյամսը: «Մենք ոչինչ չգիտենք անօրինական քվեարկության մասին: Մենք չգիտենք Թրամփի հաղթանակի մասին»:
Հեռուստաալիքներից Fox News-ը և CNN-ը, սակայն, անխափան ցուցադրել են Թրամփի մամուլի ասուլիսը: