Թուրքիայում անցկացված համապետական հարցումը ցույց է տվել, որ երկրի քաղաքացիները կառավարությանն են մեղադրում ստեղծված տնտեսական և ֆինանսական խնդիրների համար՝ մատնանշելով սխալ կառավարումը, գրում է Ermenihaber-ը:
Հարցվածների ավելի քան 78%-ը հոռետեսորեն է տրամադրված Թուրքիայի տնտեսական հեռանկարներին, 60%-ի կարծիքով՝ Թուրքիայի տնտեսական խնդիրների պատճառը սխալ տնտեսական քաղաքականությունն է, 46%-ը քննադատում է երկրում կառավարման ավելի կենտրոնացված նախագահական համակարգը: Հարցվածների քառորդից պակասի համար էլ պատճառը օտարերկրյա դավադրությունն է:
Հիշեցնենք, որ այս տարի թուրքական լիրան գրեթե 30% անկում է ունեցել դոլարի նկատմամբ՝ հաջորդաբար հասնելով ռեկորդային ցածր մակարդակի այն բանից հետո, երբ կառավարությունը փորձեց խթանել տնտեսական գործունեությունը պետական բանկերից ստացվող էժան վարկերով, հարկերի կրճատումներով և պարտքերի մեղմացումով: Կենտրոնական բանկը սատարեց այս քաղաքականությանը՝ բազային տոկոսադրույքը ցածր պահելով տարեկան սպառողական գնաճից: