Իտալիայի ոստիկանությունը հետաքննում է Միլանի Պիացցա Ասկոլի հրապարակում գտնվող «Կրեդիտ Ագրիկոլ» բանկի կողոպուտը՝ տեղեկացնում է Euronews-ը: Չորս զինված հանցագործները բանկ են ներխուժել երեքշաբթի առավոտյան, երկուսը՝ հիմնական մուտքով, իսկ երկուսը՝ նկուղով: Ներխուժումն առաջինը նկատել են տնօրենն ու երկու աշխատակիցը: Բանկի պահոցում նրանք անցք են հայտնաբերել, որով անցնում է կոյուղին:
Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել հարձակումից ընդամենը 10 րոպե անց, բայց հանցագործներին հաջողվել է փախչել: Ըստ որոշ աղբյուրների՝ մի մասը դուրս է եկել իրենց փորած փոսով, իսկ մյուսները՝ կոյուղու անցքով: