Անկարան դիվանագիտական և իրավական քայլեր կձեռնարկի՝ կապված ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթում Թուրքիայի առաջնորդ Էրդողանի ծաղրանկարների հրապարակման հետ: Այս մասին հաղորդում է France24-ը:
Charlie Hebdo-ն իր շապիկին հրապարակել էր Էրդողանի ծաղրանկարը Փարիզի և Անկարայի հարաբերությունների ճգնաժամի ֆոնին: Թուրքիայի ղեկավարը նկարում պատկերված է կիսամերկ, բազկաթոռին նստած, աջ ձեռքում զովացուցիչ ըմպելիքն է, ձախով բարձրացնում է հիջաբով սպասուհու զգեստը: Ծաղրանկարի հեղինակներն այն վերագրել են՝ «Էրդողանը շատ զվարճալի է անձնական կյանքում»:
Թուրքիայի նախագահը գրել է, որ Եվրոպան աստիճանաբար ընկղմվում է «Թուրքիայի ու իսլամի հետ թշնամանքի կեղտոտ ճահճի մեջ»:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Անկարայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի դեմ: Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակից հայտնել են, որ գործ է հարուցվել խմբագրակազմի դեմ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի երեք հոդվածով՝ նախագահին վիրավորելու համար: