Պատերազմի 14-րդ օրը՝ ուղիղ կեսօրին, ըստ պայմանավորվածության, պետք է հաստատվեր հրադադար։ Այն հումանիտար բնույթի է՝ զոհվածների մարմինների ու գերիների փոխանակման նպատակով։
Բայց մինչև կգար հայտարարված ժամը, Ադրբեջանի զինված ուժերը փորձում էին օգտագործել եղած ժամանակն ու ակտիվ գրոհներ էին կազմակերպում։ Հակառակորդը դիվերսիոն-հետախուզական փորձ ձեռնարկեց նախ Հադրութի ուղղությամբ: Պաշտպանության բանակի պատասխանը եղավ համարժեք, շուրջ 3 ժամ շարունակվեց ադրբեջանական խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունը: Հարավային այս թևում թշնամու ակտիվությունը պատահական չէր՝ նկատեց Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը։ Ադրբեջանի նախագահը դեռ նախօրեին էր հայտարարել, թե գրավել են Հադրութը, և այդ գործողությունները, ըստ երևույթին, Ալիևի խոսքն ապացուցելու նպատակով էին արվում։
Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը, սակայն, հայկական կողմը պահեց։ Նախատեսված ժամին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին հրաման տրվեց՝ դադարեցնել կրակը։ Թվում էր, թե հումանիտար հրադադարը կպահեն նաեւ շփման գծի մյուս կողմից, բայց ընդամենը 5 րոպե անց՝ 12:05-ին, Ադրբեջանը գրոհ ձեռնարկեց Կարախամբեյլիի»ուղղությամբ։ Արցախից հայտարարեցին՝ դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։
Բայց Ադրբեջանն այդքանով չբավարարվեց՝ լուրերն առաջնագծից եկան մեկը մյուսի հետևից. պաշտպանության նախարարությունից հայտնեցին՝ հակառակորդը կրակի տակ է պահում Հադրութ քաղաքը, կրկին հարվածներ են հասցվում Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ավելին՝ Ադրբեջանը հարվածային անօդաչու թռչող սարք է կիրառվել Երիցավանք գյուղի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Կան մեկ զոհ և վիրավորներ:
Ռազմաճակատին զուգահեռ Ադրբեջանը նաև սուտ լուրեր տարածեց, թե հայերը կրակում են Թարթառին և Աղդամին, պաշտպանության նախարարությունից հերքեցին՝ սա հերթական կեղծիքն է։
Մարդասիրական հրադադարը խախտելուն արձագանքեց Արցախի արտգործնախարարությունը։ Դիվանագիտական կառույցը շեշտեց՝ հատկապես աղաղակող է այն փաստը, որ զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը Ադրբեջանը, Թուրքիան և միջազգային ահաբեկիչների դաշինքը ուխտադրուժ խախտել է Արցախի պաշտպանության բանակի՝ կրակի դադարեցման հայտարարությունից անմիջապես հետո: Ադրբեջանը պարտավորությունը չի կատարել անգամ 5 րոպե։ Հայաստանի արտաքին գերատեսչությունից էլ տեղեկացրեցին՝ մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով։
Այսօր Հադրութում էր նաև Արցախի նախագահը, Հարությունյանը Ֆեյսբուքում գրառումը կատարեց ժամը 16.00-ին մոտ ու ընդգծեց՝ իրավիճակն այս պահին պաշտպանության բանակի վերահսկողության տակ է։
Արցախի ղեկավարն այսօր ասուլիս էր հրավիրել դեռ առավոտյան, բայց, իրավիճակով պայմանավորված, լրագրողների հետ հանդիպումը հետաձգվեց երեք անգամ, և ըստ վերջին գրառման՝ այն կլինի հոկտեմբերի 11-ին՝ առավոտյան 10-ին, որի ժամանակ էլ Արայիկ Հարությունյանը կխոսի առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման մասին: