Թուրքական հորատող նավը լքել է Կիպրոսի հարավարևմտյան հատվածը, որտեղ հորատման աշխատանքներ էր իրականացնում, և վերադարձել Թուրքիայի ափեր: ԵՄ-ն ողջունել է Անկարայի այդ քայլը, որն ըստ կազմակերպության՝ կօգնի մեղմել լարվածությունը Միջերկրական ծովի արևելքում՝ հայտնում է Reuters-ը:
ԵՄ առաջնորդները անցած ուրբաթ Կիպրոսին հավաստիացրել էին, որ դաշինքը Անկարայի դեմ պատժամիջոցներ կկիրառի, եթե շարունակի հորատումը միջերկրածովյան վիճահարույց շրջաններում:
Barbaros Hayrettin Pasa թուրքական սեյսմիկ հետազոտական նավը շարունակում է մնալ Կիպրոսի հարավ-արևելքում, դրա գործողություններն այնտեղ երկարացվել են մինչև հոկտեմբերի 18-ը:
Տարածաշրջանային լարվածությունը սաստկացավ, երբ օգոստոսին թուրքական հետախուզական նավի մոտակայքում բախվեցին թուրքական և հունական ֆրեգատները: Կրքերը հանդարտվեցին, երբ Թուրքիան և Հունաստանը պայմանավորվեցին վերսկսել «հետախուզական բանակցությունները», որոնք ընդհատվել էին 2016 թվականին: