ՀՀ հանրային խորհուրդն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, որին ուղեկցում էր նրա նորանշանակ խորհրդական Դմիտրի Կազմինը: Իր բացման խոսքում Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն ու գոհունակություն է հայտնել դեսպանին անդրանիկ հանդիպման ու ծանոթության համար` նախևառաջ խոսելով իր պաշտոնավարման ամիսներին ՌԴ հանրային պալատի հետ ունեցած սերտ համագործակցության մասին, որը մոտ ապագայում կամփոփվի նաև նախապատրաստվող երկկողմ հուշագրի ստորագրմամբ:
Կարևորելով պարբերական հաղորդակցությունը երկու երկրների հանրային տարբեր օղակների միջև` ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինը վստահություն է հայտնել, որ իրենց կողմից ամեն ջանք կգործադրվի այդ հարաբերությունները խորացնելուն միտված արդյունավետ համագործակցության համար, որը կարևորվել է երկարաժամկետ և ռազմավարական առումով, քանի որ երկկողմ հետաքրքրություններն ընդհանուր են՝ անկախ բազմաթիվ հանգամանքներից:
Համագործակցությանն ու փոխօգնությանն առնչվող մի քանի հարցի հակիրճ անդրադարձից հետո կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային բարդացող իրավիճակի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի շուրջ։
Սաֆարյանը դեսպան Կոպիրկինին տեղեկացրել է, որ, ի թիվս այլ գործընկեր կառույցների, ՀԽ անունից նամակներ են ուղարկվելու նաև Ռուսաստանի Դաշնության հանրային պալատին, որում ռուս գործընկերներին հանգամանորեն կներկայացվի իրավիճակն ու կտրամադրվի դրա հետ կապված օբյեկտիվ տեղեկատվություն։