Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իրադրության սրման կապակցությամբ և կողմերին կոչ է արել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Նա առաջարկել է հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններ վարել Թբիլիսիում՝ հաղորդում է sputnik-georgia-ն:
«Ադրբեջանի և Հայաստանի հերթական ռազմական առճակատման արդյունքում ստեղծվել է բարդ իրավիճակ, կան մեծ կորուստներ և, ցավոք, ռազմական գործողությունների դադարեցումն ու երկխոսության վերսկսումը դեռ հնարավոր չէ: Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը ծայրաստիճան բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային մասնակիցներին՝ առավելագույնս օգտագործել իրենց հնարավորությունները՝ էսկալացիան դադարեցնելու և երկխոսությունը վերսկսելու հարցում»,- ասել է Գախարիան:
Վրաստանի վարչապետը շեշտել է, որ ընդհանուր շահերից է բխում խաղաղության հնարավորինս արագ հաստատումը տարածաշրջանում: Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևով նպաստել այս գործընթացին, այդ թվում առաջարկում է Թբիլիսիում անցկացնել հակամարտող կողմերի ներկայացուցիչների հանդիպումը երկխոսություն վարելու համար: