Սեպտեմբերի 28-ին սոցիալական ցանցերի հայկական տարածքում հակավրացական տրամադրություն պարունակող գրառումներ սկսեցին շրջանառվել: Որոշ օգտատերեր Վրաստանին մեղադրում են ռուսական զենքն իր տարածքով Հայաստանին հասցնել թույլ չտալու մեջ, նշում, թե միևնույն ժամանակ Վրաստանն օգնում է Ադրբեջանին՝ Իսրայելից զենք ստանալու մեջ, գրում է Aliq.ge կայքը։
Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս, հայագետ Լելա Ջեջելավան «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասել է, որ նման տեղեկություններ տարածելը անթույլատրելի է:
«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Այսօր հայ-ադրբեջանական կռիվը ոչ միայն սահմանին է, այլև համացանցում, սա տեղեկատվական պատերազմ է: Մենք պետք է խուսափենք կեղծ տեղեկություն տարածելուց: Բոլորս էլ լավ գիտենք Վրաստանի դիրքորոշումը»,- նշել է Ջեջելավան:
Հիշեցնենք` այս տարվա հուլիսին՝ Տավուշի սահմանային մարտերի ժամանակ, ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարություններ էին տարածել, թե «Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանը Վրաստանի միջոցով զենք է ստացել Սերբիայից», ինչը պաշտոնական Թբիլիսին հերքեց հետագայում:
Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ հոդվածը երկու ռազմավարական գործընկերների միջև արհեստականորեն խնդիրներ ստեղծելու նպատակ ուներ:
Նյութում նշված էր նաև, որ վերջին օրերի ընթացքում Հայաստանը Վրաստանի միջոցով զենք էր ստացել նաև Ռուսաստանից: Խոսվում էր «ԿամԱԶ» մակնիշի մեքենաների մասին, որոնց վրա ռազմական նյութեր են տեղադրված եղել: Նյութում ասվում էր նաև, որ հենց այս զենքով է ՀՀ-ն կրակ բացել ադրբեջանական գյուղերի ուղղությամբ, ինչը հերքվել է պաշտոնական Երևանի կողմից:
Ի դեպ՝ այս հրապարակումից հետո Ալիևը աշխատանքից հեռացրեց Սերբիայում Ադրբեջանի դեսպանին, որի հանդեպ հետագայում քրեական գործ հարուցվեց: Զուգահեռաբար, Բաքուն փոխեց Վրաստանում իր դեսպանին:
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսված մարտերից օրեր առաջ Իլհամ Ալիևը շնորհակալություն էր հայտնել Վրաստանի կառավարությանը՝ իր խոսքով՝ «Հայաստանին զենք տեղափոխելու հնարավորություն չտալու համար», ինչը ևս պաշտոնական Թբիլիսին չէր հաստատել: