Եվրամիությունը «տարածաշրջանի բոլոր խաղացողներին» կոչ է արել զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելու ցանկացած ձևից: Հայտարարությունն արել է ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք տեղյակ ենք Թուրքիայի կողմից Սիրիայի զինյալների (Սիրիայի հակաիշխանական կազմավորումների անդամներ, որոնց Թուրքիան տարհանել է Սիրիայից - ՏԱՍՍ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին հաղորդագրություններին, բայց մինչ այժմ չենք տեսել որևէ փաստ, որը կհաստատեր տեղեկությունը: Սակայն այս համատեքստում մենք կարող ենք միայն կրկնել օտարերկրյա միջամտություններից զերծ մնալու մեր կոչը»,- ասել է Պիտեր Ստանոն:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանգստյան օրերին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը չունի ռազմական լուծում»: Նրա խոսքով՝ Բորելը դեռ չի քննարկել այս իրավիճակը տարածաշրջանի առաջատար պետությունների, մասնավորապես ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարության հետ:
Շատ պետություններ կողմերին կոչ են անում դադարեցնել մարտերը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կապվել է երկու երկրների ղեկավարների հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պատրաստվում է երկու պետությունների նախագահներին դիմել հրադադարի կոչով: