Թուրք-հունական հարաբերությունների ճգնաժամը չի անցնում։ Դրանք առավել լարվել են Հունաստանի տարածքային ջրերում թուրքական «Օրուչ Ռեիս» նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։ Հունաստանի մի շարք քաղաքական գործիչներ շարունակում են կոշտ հայտարարություններ անել՝ ի պատասխան Միջերկրական ծովում Թուրքիայի սադրանքներին, հայտնում է Ermenihaber-ը։
Հունաստանի աջակողմյան ազգայնական «Հունական որոշում» կուսակցության նախագահ Կիրիակոս Վելոպուլոսը, ըստ թուրքական լրատվամիջոցների, հեռուստատեսությամբ սկանդալային հայտարարություն է արել։
Նա նշել է, որ անիմաստ է Եվրամիությունից ակնկալել պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ։ Նրա խոսքով՝ Հունաստանը պետք է խորտակեր հունական ջրեր ներխուժած թուրքական նավը: Դրա համար հունական նավատորմը բավական ներուժ ուներ:
«Պետք է ոչնչացնեինք թուրքերի նավատորմը։ Եթե մենք առաջինը հարվածեինք, նրանք այլևս չէին կարողանա դուրս գալ Դարդանելից։ Գողերը մեր տուն են ներխուժել, իսկ մենք պատասխան չենք տալիս։ Կարող էինք 5-6 թուրքական նավ ոչնչացնել, և թուրքերը այլևս Էգեյան ծովում չէին հայտնվի»,- ասել է քաղաքական գործիչը։