Թուրքիայի դատախազության որոշմամբ սեպտեմբերի 25-ին թուրք իրավապահները երկրի 7 նահանգում իրականացվող համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալել են 82 քաղաքացու: Դրանց թվում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամներ, մեջլիսի նախկին պատգամավորներ, քաղաքապետներ, նահանգային և շրջանային կառույցների ղեկավարներ, հայտնում է Anadolu-ն։
Ընդդիմությունը հայտարարում է, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամները ենթարկվում են հետապնդումների ու ձերբակալությունների: Դրանք կատարվում են Սիրիայի Քոբանի բնակավայրի վրա հարձակումների (2014թ․) պատճառով Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում:
Իշխանությունը հայտարարում է, որ ձերբակալությունները կատարվում են 2014-ին տեղի ունեցած ահաբեկչական դեպքերի կապակցությամբ, որոնց ընթացքում սպանվել էր 37 մարդ, բազմաթիվ քաղաքացիներ վիրավորվել էին, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներ:
Ըստ իշխանության պնդումների, դեպքերը տեղի են ունեցել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հրահրած ցույցերի ժամանակ, որին կառավարությունը մեղադրում է ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության հետ կապ ունենալու համար:
Ձերբակալությունների կապակցությամբ ընդդիմադիր քրդամետ կուսակցությունը հայտարարել է, որ թուրքական իշխանությունների կողմից ծրագրված այդ հարձակումներին «կուլ չի գնալու»։