Բուլղարիայի արտգործնախարարությունը հայտարարել է լրտեսության մեջ կասկածվող երկու ռուս դիվանագետի արտաքսման մասին: Նրանք համարվում են անցանկալի անձ՝ հայտնում է Reuters-ը: Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատանը տեղեկացրել են, որ դիվանագետները Բուլղարիան պետք է լքեն 72 ժամվա ընթացքում:
Ըստ բուլղարական դատախազության՝ դիվանագետները հետախուզական գործունեություն են ծավալել երկրում, հավաքել են տվյալներ բուլղարական բանակի արդիականացման ծրագրերի և ռազմական տեխնիկայի տեխնիկական աջակցության վերաբերյալ:
Նման միջադեպ էր եղել նաև այս տարվա հունվարին: Բուլղարիայի դատախազությունը լրտեսության մեջ կասկածեց երկու ռուս դիվանագետի, որոնցից մեկը 2018 թվականից պետական և ծառայողական գաղտնիք ներկայացնող տեղեկություններ էր հավաքել երկրի տնտեսության էներգետիկ ոլորտի վերաբերյալ: Դիվանագիտական անձեռնմխելիության պատճառով դիվանագետներին վտարել են Բուլղարիայից՝ կասեցնելով նրանց նկատմամբ քրեական գործը: