2020-ի ամենահամեղ, գունավոր ու ախորժալի՝ «Բերքի տոնը» համախմբել է հանրապետության բոլոր մարզերի ներկայացուցիչներին: Հավաքվել են Արարատի մարզի գյուղմթերքի շուկայում, բայց ոչ թե առևտուր անելու, այլ ուտել-խմելու, պարելու ու հյուրասիրելու համար: Բերքն ու բարիքը Հայաստանի ազգային հարստություններից մեկն է, ամեն մարզ էլ իրեն բնորոշ, յուրահատուկ ու սիրված մթերքներով է ներկայանում: Համից բացի, պետք է ուշադրություն դարձնել նաև տեսքին՝ այսկերպ են առաջնորդվել Արարատի մարզի Այգեզարդ գյուղի ներկայացուցիչները: Իրենց հարստությունը ծիրանն ու Այգեզարդ խաղողն է, բայց ցավով նշում են՝ սեզոնն ավարտվել է:
Եղիշե Մանուկյան, Արարատի մարզի Այգեզարդ համայնքի բնակիչ - Բոլորս էլ գյուղացի ենք և ոգևորվում ենք, որ մեր տարվա աշխատանքն ի ցույց ենք դնում:
Կապ չունի, որ տոնը բերքի է, շատ մարզեր բարիքի հետ նաև իրենց մշակույթն են բերել: «Բերքի տոն» իրականցնելու միտքն Արարատի մարզում դեռ նախորդ տարի էր հասունացել: Պետք էր ընդլայնել սահմանները, որ նման միջոցառումներ ոչ թե յուրաքանչյուր մարզում լինի, այլ մեկ տեղում ներկայանան բոլոր մարզերը:
Գարիկ Սարգսյան, Արարատի մարզպետ - Ուզում ենք, որ սա հետագայում վերածվի փառատոնի և հաջորդ տարի արդեն բերքի տոնը նշվի այլ մարզերում, մենք նույնպես Արարատի մարզով, մեր տաղավարներով ներկայանանք:
ՄԱԿ-ն այս տարին հռչակել է բույսերի առողջության տարի՝ ընդգծում է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Բերքի տոնը լավ առիթ է նաև միջազգային գործընկեր կառույցներին ցույց տալու, որ համավարակը չկարողացվ խանգարել մեզ ունենալ առողջ բերք:
Գեորգի Ավետիսյան, ՍԱՏՄ ղեկավար - Այս առիթը բավականին ոգևորիչ է և լավ է, որովհետև այստեղ հիմնականում մենք տեսնում ենք մեր դաշտի արտադրանքը, բերք ու բարիք, և բույսերի առողջության գաղափարի մեջ սա տեղավորվում է:
Համին համահունչ պետք է լինի նաև մատուցման ձևը՝ կարծում են գառնեցիները: Տաղավարը փոքր է, բայց կարողացել են Գառնին վերարտադրել:
Վարդան Մարտիրոսյան, Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարի տեղակալ - Տեսեք, մենք փորձել ենք ինչ որ օրիգինալ բան ստանալ. Գառնիի խորհրդանիշները՝ պատրաստել իրենց մակետները մեր բնական լավաշից, գաթան՝ սա մեր ջութակասանն է:
Արագածոտնից տիկին Ալլայի չրերն են առանձնացնում: 20 տարվա աշխատանքը մարզում չրագործներին հայտնի է դարձել: Միջոցառումն էլ առիթ է սպառման շուկան ընդլայնելու համար:
Ալլա Ղազարյան, Արագածոտնի մարզի Աղձք համայնքի բնակիչ - Շատ մեծ տեղ ունի մեր Աշտարակի դեղձի չիրը, սև սալորը: Մեր այգու, անձամբ մեր մշակած ծառերի բերքն է: Ծիրանի չիրն է, սուջուխը՝ Աշտարակի պոպոքով:
Գագիկ Պողոսյան, Արագածոտնի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի ղեկավար - Այսպիսի փառատոնները շատ լավ հնարավորություններ են, երբ շփվում են այլ մարզի արտադրողների հետ, ֆերմերների հետ, նաև փորձի փոխանակման շփումներ կարելի է համարել:
Մարզի հարստություններով են եկել նաև Գեղարքունիքից: Արիշտայի ու հացաբուլկեղենի կողքին Գավառի փախլավան է:
Համլետ Վարդանյան, Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի բնակիչ - Իր անունը Հայաստանով ու աշխարհով մեկ թնդում է` տեղական հումքից պատրաստված փախլավեն ու Գավառի գաթաները:
Գույներն ու համերը, բարձր տրամադրությունը տաղավարից տաղավար են փոխանցվում: Բոլորն են անկեղծանում՝ կարոտել էին: Հույսն էլ մեծ է, որ տոնը հաջորդ տարի փառատոն կլինի: