Լեսբոսում գտնվող Մորիա փախստականների ճամբարն ամբողջությամբ այրվել է: Նախկինում հրդեհն արդեն ոչնչացրել էր համալիրի մեծ մասը: Հինգշաբթի երկրորդ կեսին այնտեղ կրկին հրդեհ էր բռնկվել: Այն սկսվել էր միանգամից երեք հատվածում, ինչը հանգեցրել էր համալիրի վերջին բնակիչների փախուստին: Ընդհանուր առմամբ, գրեթե 13 հազար մարդ մնացել է անօթևան, առանց սննդի, նրանցից չորս հազարը երեխաներ և դեռահասներ են:
Հունաստանի իշխանությունները վստահ են, որ հրկիզումն իրականացրել են միգրանտները՝ դժգոհ լինելով կարանտինի միջոցառումներից և գերբնակեցված կենտրոնի սանիտարահիգիենիկ պայմաններից:
Ֆրանսիան և Գերմանիան Եվրամիության անդամ մյուս երկրներին հորդորել են բացել իրենց դռները «Մորիա» միգրանտների ճամբարից անչափահասների առջև՝ հայտնում է CNN-ը: ԵՄ երկրներն այժմ բանակցում են 400 անչափահասի ընդունման շուրջ: Նախատեսված է հազար միգրանտի ժամանակավորապես տեղավորել լաստանավի վրա: Մնացածի ճակատագիրն անորոշ է, չնայած իշխանությունները խոստանում են նրանց ապահովել կացարանով ու սննդով: