Այսօր Կատալոնիայի ազգային օրվա՝ Դիադայի առիթով ծաղիկներ են դրվել Ռաֆայել Կազանովայի հուշարձանի վրա: Այս օրը կատալոնացիները հիշատակում են 1714 թվականի իրադարձությունները, երբ Բարսելոնան երկարատև պաշարումից ու պայքարից հետո հանձնվեց, և Կատալոնիան հայտնվեց Իսպանիայի կազմում:
Գեներալ Ֆրանկոն 1939 թ. իշխանության գալով՝ արգելեց Դիադան: 1980 թ. Կատալոնիայի ինքնավար կառավարությունը սեպտեմբերի 11-ը հռչակեց Կատալոնիայի ազգային օր:
Ամբողջ օրվա ընթացքում տեղի են ունենում տարբեր քաղաքական իրադարձություններ, ցույցեր, համերգներ և տոնակատարություններ: Բարսելոնայի շատ քաղաքացիներ հագուստներին ամրացնում են ազգային խորհրդանիշներ, պատշգամբներին կախվում է Կատալոնիայի ազգային դրոշը: Կորոնավիրուսի վարակի պատճառով այս տարի տոնը նշվում է սանիտարական սահմանափակումներով, և նախորդ տարիների համեմատ հանրահավաքների մասնակիցներն այս անգամ փոքրաթիվ կլինեն: