Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախատեսել է «ավագ եղբորն» այցելել սեպտեմբերի 14-ին: Նա այդպես է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Բելառուսի նախագահական ընտրություններից հետո դա կլինի Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան ուղևորությունը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանում Բելառուսի ղեկավարի մամուլի ասուլիս և փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վլադիմիր Պուտինը այն քչերից էր, որը շնորհավորեց Լուկաշենկոյին հաղթանակի կապակցությամբ: Կրեմլը հայտարարել է, որ Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհուրդը ճանաչվել է հակասահմանադրական, ուստի Մոսկվայի և Խորհրդի միջև շփման մասին խոսք լինել չի կարող: Չնայած Բելառուսում տիրող իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումների նման փոխհամաձայնությանը՝ որոշ վերլուծաբաններ վստահ են, որ Մոսկվայում բանակցությունները բարդ են լինելու: