88-ամյա թուրք գրող և գրականագետ Հասան Բասրի Այդընը Թուրքիայի արդարադատության նախկին նախարարներ Ջեմիլ Չիչեքին և Շևքեթ Քազանին հասցեին վիրավորանքներ հնչեցնելու մեղադրանքով կալանավորվել է, հայտնում է Ermenihaber-ը:
Այդ տարեց քաղաքացին առողջական խնդիրների պատճառով Մալաթիայից ինքնաթիռով մեկնել է Ստամբուլ, որտեղ էլ և բերման է ենթարկվել հենց օդանավակայանում։ Հայտնի է դարձել, որ գրողի դեմ ընթացող դատավարությունները դադարեցվել են, սակայն դատական գործերի պետական ռեգիստրից դրանք պաշտոնապես չեն ջնջվել, ինչի պատճառով Այդընին ձերբակալելու, իսկ այնուհետև կալանավորելու որոշում է կայացվել։ 88-ամյա գրողը պիտի տեղափոխվի Սիլիվրիի կալանավայր։
Նշենք, որ Հասան Բասրի Այդընը 1954 թ․ սկսել է գրականություն դասավանդել։ Առաջին անգամ նա կալանավորվել է 1960 թ. այդ ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսի դեմ ընթացող ուսանողական ցույցերին մասնակցելու համար։
Դրանից հետո Այդընը մի քանի անգամ ձերբակալվել և անգամ աքսորվել, իսկ 1981 թ․ Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ զրկվել է քաղաքացիությունից։ Այդ իրադարձությունը հիմք է հանդիսացել գրողի Haymatlos («Անհայրենիք») երկի ստեղծման համար։
Իր մեկ այլ՝ Tanrıya Mektuplar («Նամակներ Աստծուն») ստեղծագործության պատճառով ևս գրողն ազատազրկման է դատապարտվել։ Պատժի մի մասը գրողը կրել է կալանավայրում, իսկ հետո ազատազրկումը փոխարինվել է տնային կալանքով։
Նա Թուրքիայի արդարադատության նախարարին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված դիմումների, գրությունների կամ գեղարվեստական ստեղծագործությունների պատճառով ընդհանուր առմամբ ազատազրկվել է 27 անգամ։