Թումանյան փողոցը պետք է ունենար նոր լեդ լուսավորություն, ազատված լիներ մալուխների խրձից, բայց փողոցը դեռ լուսավորում են հին լուսարձակները, մալուխներն էլ օդում կախված են փողոցի ամբողջ երկայնքով: Եվրոպական Միության և ՎԶԵԲ-ի հետ համատեղ ծրագրով Երևանի 28 փողոցում հեռակառավարվող լուսավորության համակարգ և էներգաարդյունավետ լուսատուներ պետք է տեղադրվեն: Ծրագիրն սկսվեց Թումանյան փողոցից: Լիլիթը հենց այս փողոցի բնակիչ է: Ոգևորությունը մեծ էր, երբ իմացել էին ծրագրի մասին, բայց իրականությունն ստիպում է դեռ սպասել:
Կամ թող կառուցեն, կամ էլ հինը վերականգնեն՝ սա է բնակիչների միակ ցանկությունը: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ աշխատանքները սկզբնական փուլում արագ տեմպերով էին իրականացվում, քանի դեռ կապալառուն չկանգնեց խնդրի առաջ:
Հակոբ Կարապետյան, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար - Ո՞րն է խնդիրը: Կապալառու ընկերությունը, որը պատվիրել է նախագծումը և կատարում է շինարարությունը, հարցում է ուղարկել այլ կոմունիկացիոն օպերատորներին՝ ՀԵՑ-ին, Ջրմուղին կամ բջջային օպերատորներին, որ ճշտի իր նախագծային տարածքում ստորգետնյա կոմունիկացիաների առկայությունը: Իր ստացած տեղեկատվությամբ կազմել է իր աշխատանքների նախագիծը:
Պարզվել է, սակայն, որ կապալառուի ստացած տեղեկությունն իրականությանն այնքան էլ չի համապատասխանում: Փողոցը քանդելուց հետո միայն հայտնվել են մալուխներ, որոնք ստիպել են կապալառուին մտածել նոր նախագծի մասին:
Հակոբ Կարապետյան, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար - Կապալառուն հիմա նոր նախագիծ է պատվիրել և քաղաքապետարանը, բնականաբար, շահագրգռված է, որ հնարավորինս արագ լինի, որովհետը բացի նրանից, որ ակնկալվում է դրական արդյունք, մենք հիմա ունենք շաբաթներ շարունակ քաղաքացիների համար անհարմարություն: Համենայն դեպս, այստեղ հետիոտն շարժի համար դժվարություններ են ստեղծվում, թեքահարթակներ են փակ և չեն գործում: Պետք է ուղղակի ներողամտություն և համբերատարություն խնդրեմ այս հարցով, ակնկալվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում հարցը կլուծվի:
Կապալառու ընկերության ներկայացուցիչը ևս նշում է նախագծի փոփոխության անհրաժեշտության մասին:
Վյաչեսլավ Իվաշկևիչ, շինարարության վերահսկող - Հիմա նախագիծը նաև Երևանի քաղաքապետարանում է, մենք էլ այս պահին մշակում ենք նախագիծը, որոշակի փոփոխություններ ենք անում և հույս ունեմ, որ շուտով կշարունակենք աշխատանքը: Թումանյանը մեկն է այն 28 փողոցից, որտեղ պետք է աշխատանքներ տարվեն և կարող եմ ասել, որ սխալներից դասեր կքաղենք և մյուս փողոցներում աշխատանքներն ավելի արագ կիրականացվեն:
Բնակիչներին մտահոգում է նաև եղանակը, շուտով անձրևներ կսկսվեն, փողոցում էլ փոշին ու հողը ցեխի կվերածվեն: Կապալառու ընկերության ներկայացուցչի խոսքով, ամենայն հավանականությամբ, ստորգետնյա մալուխների անցկացումն ավարտված կլինի: