Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մամուլի ասուլիսին անդրադարձել է թուրք-հունական լարվածության ֆոնին Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության ղեկավարության հայտարարություններին՝ փոխանցում է Ermenihaber-ը։
«Եթե Հունաստանն իր վրա վստահ է, թող նստի բանակցային սեղանի շուրջ։ Թող բոլորի առաջ ասի, որ իրավացի է։ Մենք էլ ասելիք ունենք»,- ասել է նա։
Չավուշօղլուն պնդել է, որ Հունաստանը միշտ ագրեսիվ դիրքորոշում է որդեգրում և խուսափում է երկխոսությունից։
Նա նաև անդրադարձել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի այն հայտարարությանը, ըստ որի՝ Թուրքիան Միջերկրական ծովի արևելքում իրականացված զորավարժանքներում իսկական զինտեխնիկա է կիրառել։ Ի պատասխան՝ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան այդ ամենն արել է ՆԱՏՕ-ի կանոնադրության շրջանակում։