«Կովկաս-2020»-ը երեք միջազգային կազմակերպության՝ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և Շանհայի միջազգային համագործակցության համատեղ ռազմական ծրագիր է՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարին:
Սեպտեմբերին Ռուսաստանում նախատեսվող զորավարժություններին Ադրբեջանը չի մասնակցի՝ գերադասելով իր ներկայությունը ապահովել երկու դիտորդով: Պաշտոնական Բաքուն չի մեկնաբանել որոշումը, փոխարենը դիտարկումներ են անում վերլուծաբանները. սա Ադրբեջանի դեմարշն է Ռուսաստանի դեմ:
Մհեր Հակոբյան (ռազմական վերլուծաբան) - Իրականում Ադրբեջանը փորձ է կատարում որոշակի շանտաժի ենթարկել պաշտոնական Մոսկվային և հասնել նրան, որ Մոսկվան ճնշում բանեցնի Երևանի վրա համապատասխան զիջումների ակնկալիքով:
Չմասնակցելով զորավարժությանը, ինչպես նաև այլ միջոցներով ցույց տալով իր դժգոհությունը՝ պաշտոնական Բաքուն փորձում է իր շահերը առաջ տանել Մոսկվայի մոտ:
Հուլիսյան ռազմական բախումներից հետո Ադրբեջանը տանում է հակառուսական քարոզչություն՝ Մոսկվային մեղադրելով հայկական կողմին զենք տալու համար: Բանը հասել է նրան, որ նախագահի մակարդակով Ադրբեջանը բացատրություն է պահանջել Վլադիմիր Պուտինից, թե ինչու է ռուսական կողմը 400 տոննա ռազմական նշանակության բեռ ուղարկել Հայաստան: Ադրբեջանական դժգոհությանը հաջորդեց հակաահաբեկչական զորավարժությանը չմասնակցելու որոշումը:
Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ Բաքվի որոշումը նաև այլ պատճառ ունի:
Վլադիմիր Եվսեև (ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն) - Այդ զորավարժանքներին մասնակցում է Հայաստանը, և Ադրբեջանը չի ցանկանում մասնակցել դրանց: Գիտեք, մյուս կողմից՝ դա նաև լավ է, քանի որ մենք ունենք բացասական փորձ այդպիսի վարժանքների ժամանակ: Հիշենք Հունգարիայում հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությանը, որի ժամանակ սպանվեց հայ զինծառայող: Ես կարծում եմ, որ ռուսական կողմին այդպիսի բան պետք չէ:
Հիշեցնելով 2004-ին ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը՝ ռուսները փաստացի ակնարկում են, որ իրենց պետք չէ ադրբեջանական ահաբեկչական գլխացավանք, մանավանդ՝ հակաահաբեկչական միջոցառման ժամանակ:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան