Նախաձեռնության պատճառը հաշվարկիչն էր՝ բոլորին հայտնի կալկուլյատորը: Ծնողներից իմացավ դրա ծագումը, հետո որոշեց այլ հին իրեր հասանելի դարձնել հասակակիցներին:
Մարի Վարդումյան (Զբոսաշրջային կենտրոնի հիմնադիր) - Եվ ես որոշեցի՝ ինչո՞ւ չստեղծել իմ փոքրիկ ժամանակի մեքենան, որտեղ տեղ կգտնեն բոլոր այն իրերը, որոնք տեղ չունեն մարդկանց տներում:
Մարի Վարդումյանի՝ ժամանակի փոքրիկ մեքենայի գաղափարն անտարբեր չթողեց ծնողներին: Շուտով քաղաքամերձ անմշակ հողամասը դարձավ հանգստի կենտրոն՝ հյուրատուն, հյուրանոց, սննդի կետեր, սրճարան, զրուցասրահներ, կենդանաբանական այգի: Սակայն 14-ամյա աղջկա ստեղծագործական վառ երևակայությամբ դրանք բոլորը հեքիաթների ու մուլտերի աշխարհի կնիքն են կրում:
Մարի Վարդումյան (Զբոսաշրջային կենտրոնի հիմնադիր) - Այնտեղ շատ խրճիթներ կան, այնտեղ աշխատում են կախարդներ, և ես որոշեցի խրճիթներ կառուցել, որ երեխաների համար հետաքրքիր լինի:
Փոքրիկ այս ճամբարը կախարդների տունն է՝ առավոտյան պատրաստած նախաճաշով՝ ամենը տեղական ու մաքուր սննդամթերքով:
Դավիթ Շոբոյան (Հանգստի գոտու աշխատակից) - Սա նույնպես տնակ է լինելու, Մարիի իմացած մուլտիկներից, շատերը կարող ա հիշեն տելեպուզիկներին:
Հեռուստացմփորիկների այս կացարանում հնարավոր կլինի հյուրընկալել երկու հոգու: Հեքիաթների այս անկյունում կացարան կարող է ծառայել ցանկացած անկյուն՝ ավտոմեքենայի թափքից մինչև հողի մեջ փորված քարայրը, կղմինդրածածկ տանիքը, նկուղը, նաև հյուրանոցային դասական սենյակները: Սնվելու, սրճելու և թեյելու համար ստեղծված զրուցասրահները ամենաանակնկալ տեղերում են՝ ամենաանսպասելի ձևավորումներով: Նաև յուրահատուկ կենդանաբանական այգի կա, վայրի ու տնային կենդանիներ՝ ձի, ավանակ, այծ ու կով, կրիա, սկյուռ ու տարբեր թռչուններ:
Մարի Վարդումյան (Զբոսաշրջային կենտրոնի հիմնադիր) - Այնտեղ կան ընտանի և ոչ ընտանի կենդանիներ, և ես որոշել եմ, որ պետք է բազմացնեմ և ոչ թե պահեմ, այլ բազմացնեմ և բաց թողնեմ բնության գիրկ:
Կենտրոնն արդեն հանգստացողներ է հյուրընկալում, իսկ զարգացման ծրագրերը դեռ քննարկումների փուլում են: