ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ
Open Օwnership (ՕՕ) նախաձեռնությունը, որի գործունեությունը միտված է իրական սեփականատիրության թափանցիկության ներդրման ճանապարհին գտնվող երկրներին աջակցություն ցուցաբերելուն, հրապարակել է Հայաստանում Իրական սեփականատերերի (ԻՍ) ռեգիստրի ստեղծման նախնական ուսումնասիրությունը։
Կազմակերպության ազգային համակարգող Փիթեր Լոուն, հիմք ընդունելով ընդերքօգտագործման ոլորտում անցկացված ծրագրի ցուցանիշները, նշել է, որ Հայաստանում իրական սեփականատերերի բացահայտման առաջխաղացումն ընթանում է գովելի և արագ տեմպերով։
Նման առաջխաղացումը հեղինակը պայմանավորում է այնպիսի գործոններով, ինչպիսիք են կառավարության որդեգրած հակակոռուպցիոն օրակարգը, հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ բնապահպանների ընդգծված ուշադրությունը, ինչպես նաև ընդերքօգտագործող ընկերությունների՝ ԻՍ-ին վերաբերող տեղեկատվությունը բացահայտելու պատրաստակամությունը։
Հատկանշական է, որ հեղինակը նշել է, որ Հայաստանի փորձը գերազանց օրինակ կարող է լինել այս ուղին որդեգրած ավելի մեծ երկրների համար, ինչպիսիք են օրինակ Մեքսիկան կամ Նիգերիան: ՀՀ-ում ընդերքօգտագործման ոլորտում իրականացված ռեֆորմին տրված նման բարձր գնահատականը փաստում է, որ այս նախադեպն ամուր հիմք է Հայաստանի տնտեսության մյուս ոլորտներում համակարգի տարածման համար:
Ուսումնասիրությամբ ներկայացված են նաև մի շարք առաջարկություններ, որոնք կօգնեն համակարգը համապատասխանեցնել ՕՕ-ի՝ ԻՍ-ների արդյունավետ բացահայտման սկզբունքներին։