Օգոստոսի 19-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել արտադրողների և մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են խաղողի բերքի իրացմանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը:
Մարզպետ Գրիգորյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և նշե, որ մարզպետարանը հանդիպումը նախաձեռնել է, որպեսզի արտադրող-վաճառող և մթերող-վերամշակող շղթայի ներկայացուցիչները դեմ հանդիպման բարձրաձայնեն իրենց հուզող խնդիրները:
Մարզպետը նշել է, որ խնդիրների վերհանումից հետո անհրաժեշտ է վերլուծել և գնահատել իրավիճակը ու գտնել լուծման այնպիսի ուղիներ, որոնք կողմերի միջև կապահովեն գործընկերային հարաբերություններ, ինչը ենթադրում է երկու կողմերին էլ բավարարող պայմանների առկայություն:
Քննարկվել են խաղողի կանխատեսվող քանակին, ինչպես նաև մթերումների քանակին ու վաճառքի գնին վերաբերող հարցեր: Առաջարկվել են խաղողի իրացման այլ տարբերակներ՝ որպես մրգի՝ մեծածախ վաճառքի կազմակերպում։
Արենի համայնքի ղեկավարը ներկայացրել է բնակավայրերում կանխատեսվող խաղողի մոտավոր քանակը և մթերողների հետ պայմանագիր ունեցող անձանց թիվն ու մթերման հնարավորությունները:
Որոշվել է վաճառող-գնորդ հարաբերություններն ամրագրել պայմանագրերով՝ պայմանագրերում զետեղելով խաղողի քանակի, որակի և գնի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև ռիսկերին վերաբերող պայմանագրային կետեր: