«Պատրաստված է Խորհրդային Միությունում» գրությամբ և կես դարից ավելի Գառնիի բնակիչներին ծառայած ջրի խողովակները գյուղի գլխին պատուհաս էին դարձել: Ժանգոտած խողովակաշարի փոխարինման ծրագիրն անցած տարի ամռանն սկսվեց: Հասել է վերջնական փուլին:
Ահարոն Սահակյան, Գառնի համայնքի ղեկավար - Մոտավորապես, 19 կմ ջրագծերի հատված է փոխվել, որը որ փոխվել էր երևի թե 70-ականներից, շատ անմխիթար վիճակում էր: Ամենակարևորը` մաքուր ջուր չէինք կարողանում հասցնել բնակչին:
Նոր խողովակների հետ նաև 800 նոր ջրաչափեր են տեղադրվում: Համայնքի ղեկավարի խոսքով` խնայված ջուրը կկարողանան ուղղել գյուղատնտեսությանը: Այս տարի շինարարությունը կավարտեն և օրական 4 ժամ ջուր ունեցող տները կանցնեն շուրջօրյա ռեժիմի: Մաքուր ու զուլալ ջրին բնակիչներն անհամբեր սպասում են:
Գեղամ Արշակյան, Գառնի համայնքի բնակիչ - Երևանին մենք ենք ջրամատակարարում, բայց մենք ջուր չունեինք, փաստ էր, բայց այս աշխատանքներից հետո ահագին բարելավում կա:
Գառնու մոտ 50 կմ-անոց ջրագծից ընդամենը 10 կմ-ն է մնացել չնորոգված: Համայնքապետն ասում է՝ դա էլ մյուս տարի: 150 մլն դրամ արժեքով ծրագիրը համաֆինանսավորմամբ է իրականացվում՝ մոտ 50-ը համայնքի բյուջեից է, 100-ը տրամադրել է Տարածքային Զարգացման հիմնադրամը:
Արթուր Սողոմոնյան, ՀՏԶՀ գործադիր տնօրեն - Այդ ծրագիրը, ընդանուր առմամբ, ՀՀ-ում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագիր է եղել: Գառնու շուրջ 3000 բնակչության կմատակարարվի ավելի լավ որակի ջուր:
Համավարակն ու մի քանի այլ խնդիրներ խախտել են աշխատանքի ժամկետները, բայց հիմնադրամն ուշի ուշով հետևել է շինարարության ընթացքին. լավ է ուշ, բայց՝ որակով:
Այս տարի, Գառնիից բացի, 190 շինարարական ծրագիր է իրականացվում, 76-ը միայն ջրամատակարարման: Հիմնադրամի տնօրենը վստահեցնում է՝ հագեցած է լինելու նաև 2021-ը՝ հանրապետության 10-ը քաղաք ու 37 գյուղ ջրի խնդիր չի ունենա: