Բեյրութում հետաքննում են 170 մարդու կյանք խլած հզոր պայթյունի պատճառները: Լիբանանի իշխանությունների խնդրանքով հետաքննությանը մասնակցելու է ԱՄՆ հետաքննությունների դաշնային Բյուրոն՝ հայտնում է Euronmews-ը:
Առաջիկա օրերին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Հեյլը նախատեսել է Բեյրութում մի շարք հանդիպումներ անցկացնել պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ըստ նրա՝ Վաշինգտոնը կաջակցի ցանկացած կառավարության, որն «անկեղծորեն նվիրված է» բարեփոխումների անցկացմանը:
Մեկ օր առաջ Լիբանանի խորհրդարանն ընդունեց յոթ պատգամավորների հրաժարականը և քվեարկեց երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու օգտին: Մայրաքաղաքում շարունակվում են զանգվածային ցույցերը, ցուցարարները մեղադրում են իշխանություններին կոռուպցիայի մեջ և պահանջում են արտահերթ ընտրություններ ու դեպքի անկախ հետաքննություն: