Հունաստանի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության վիճակի Էգեյան ծովում թուրքական ռազմանավերի տեղակայումից հետո: Հունաստանի Ռոդեսի և Կաստելիորիզոյի կղզիների միջև ծովային գոտում Թուրքիան օգոստոսի 10-11-ը զորավարժություններ է նախատեսել: Այս մասին հաղորդել է հունական Armyvoice.gr պորտալը:
Անկարան հայտարարել է, որ այդ վարժանքներով պատասխանում է բացառիկ տնտեսական գոտիների մասնակի սահմանազատման վերաբերյալ Հունաստանի և Եգիպտոսի միջև ձեռք բերված համաձայնությանը:
Պորտալի տեղեկություններով՝ թուրքական նավերի ծով դուրս գալու պատճառով Հունաստանի զինված ուժերում տագնապ է հայտարարվել, զինվորականների արձակուրդները չեղյալ են հայտարարվել: Մոբիլիզացիան արագ է ընթանում հատկապես սահմանամերձ վայրերում, օդուժից բացի մարտական պատրաստության վիճակի են բերվել Էգեյան ծովի առանցքային դիրքերում գտնվող հունական նավատորմի նավերն ու սուզանավերը: