Սևանա լճի վիճակը դեռևս օրհասական չի, բայց լավ էլ չէ,- պնդում են մասնագետները: Նրանց համոզմամբ՝ այն, որ այս տարի լճի ծաղկումը նախորդ երկու տարվա համեմատ ուշ է սկսվել և շուտ էլ կավարտվի, պայմանավորված է կլիմայական պայմաններով: Սակայն սա չի նշանակում, որ վերացել են լճի ծաղկման հիմնական պատճառները:
Ջրածածկ անտառների մաքրում, ափամերձ շենքերի ապամոնտաժում, կենսաբանական մաքրման կայանների կառուցում. սրանք են այն հիմնական միջոցառումները, որ, ըստ մասնագետների, պետք է հրատապ կերպով իրականացվեն լիճը ճահճացումից փրկելու համար: Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեցին կառավարության և միջազգային ծրագրերով իրականացվելիք աշխատանքները:
Լճի մակարդակի հնարավոր բարձրացման արդյունքում լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար շարունակելու են ափամերձ անտառաշերտի մաքրան աշխատանքները: Այս տարի նախատեսվում է մաքրել շուրջ 200 հեկտար այդպիսի տարածք:
Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը հրատապ միջոցառումների շարքին դասեց նաև ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած տարածքների ռեկուլտիվացիան և Սևանա լճի ջրահավաք ավազանի աղտոտված գետերի հուների մաքրման աշխատանքները: