15 օրում ԱՀ ճանապարհային ոստիկանությունը հայտնաբերել է 1832 խախտում, որից ոչ սթափ վիճակում՝ 64, առանց վարորդական իրավունքի՝ 119, լուսացույցի կարմիր լույսով անցնելու՝ 80, սահմանված արագության գերազանցման՝ 711 դեպք: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ վարորդների հետ դեռևս բացատրական աշխատանքներ են տարվում, իսկ առաջիկայում շատ խիստ են լինելու երթևեկության կանոնների չպահպանման դեպքում:
Ա.Հարությունյանը վստահեցրեց, որ չի եղել մի դեպք, որ զանգը, կամ պաշտոնը, կամ բարեկամական կապը դեր է ունեցել երթևեկության խախտման հարցում: «Նման դեպք չի էլ լինելու: Այն պաշտոնյան, որը կհամարձակվի նման խնդրանքով դիմել ոստիկանության ծառայողներին, ազատվելու է պաշտոնից: Արտոնյալներ չեն լինելու, որևէ մեկը չի կարող ոչ սթափ վիճակում վարել և չտուգանվել»,- ասաց նա:
Անդրադառնալով վիճակախաղերի, շահումներով խաղերի խնդրին՝ ԱՀ նախագահը հայտարարեց, որ իր հանձնարարությամբ արգելվելու է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը Արցախի տարածքում: «Այդ ծառայությունների հասանելիությունը համացանցի միջոցով արգելափակվելու է»,- ասաց Ա.Հարությունյանը՝ հավելելով. «Շրջանցման հնարավութոյուներ լինելու, են բայց մենք պետք է պայքարենք այդ արատավոր երևույթի դեմ, քանի որ այն երջանկություն չի բերում մեզ, եթե անգամ շահում ես»: