ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության խոսնակ Բիլ Ուրբանը բացատրել է Սիրիայի տարածքում ԱՄՆ կործանիչի կողմից իրանական Mahan Air ուղևորատար ինքնաթիռի հետապնդումը՝ հաղորդում է РИА Новости-ն:
Ըստ Ուրբանի՝ մեկ կործանիչ է մոտեցել իրանական ինքնաթիռին՝ պահելով անվտանգ հեռավորություն, և Mahan Air-ին ուղեկցել է՝ հետևելով միջազգային չափանիշներին: «Երբ F-15-ի օդաչուն Mahan Air-ը ճանաչել է որպես ուղևորատար ինքնաթիռ, մեծացրել է հեռավորությունը»,- ասել է Բիլ Ուրբանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ օդուժի մի քանի կործանիչ են միջամտել իրանական ինքնաթիռի թռիչքին: Mahan Air-ը ստիպված է եղել վայրէջք կատարել Բեյրութի օդանավակայանում, ինչի հետևանքով վիրավորվել է մի քանի ուղևոր: Հետագայում օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում:
F-15 կործանիչի և ուղևորատար ինքնաթիռի անձնակազմերի միջև բանակցությունների ժամանակ F-15-ի օդաչուները ներկայացել են որպես ԱՄՆ քաղաքացիներ: Մինչդեռ կասկածներ կային, որ կործանիչը պատկանում է իսրայելական օդուժին: