2020 թվականի օգոստոսի 22-24-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ (ՀՎՀ) միասին կազմակերպում է «Հայաստան-սփյուռք համագործակցությունը covid-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համահայկական կրթական առցանց աշխատաժողովներ:
Աշխատաժողովների հիմնական նպատակն Է քննարկել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մեջ հեռավար կրթության դերն ու նշանակությունը, կիսվել Հայաստանում և սփյուռքում հաջողված կրթական ծրագրերի իրականացման փորձով, մատնանշել սփյուռքի համար հեռավար կրթական ծրագրերի դրական ներուժի զարգացման հեռանկարները:
Աշխատաժողովներին կարող են մասնակցել սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության հարցերով հետաքրքրված մարմիններ, անձինք (դասագրքերի և ծրագրերի հեղինակներ, դասախոսներ, ուսուցիչներ), հեռավար կրթության կազմակերպիչներ:
Աշխատաժողովների թեմատիկ ուղղությունները և օրակարգը.
Աշխատաժողովներն ընթանալու են հետևյալ ուղղություններով.
-
Հեռավար կրթության դերն ու նշանակությունը սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության գործում.
-
Սփյուռքի տարբեր հատվածների հորիզոնական համագործակցության հնարավորությունները և հեռանկարները.
-
Հայաստանի Հանրապետության՝ սփյուռքում կրթության գործին աջակցության ծրագրերը, դրանց նպատակները և բովանդակությունը:
Աշխատաժողովների թեմատիկ օրակարգը ձևավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի, Արցախի ու սփյուռքի մասնակիցների առաջարկների հիման վրա: Առավել մեծ նշանակությունը տրվում է թագավարակի պայմաններում սփյուռքում համակարգված, ինստիտուցիոնալ որոշումների հիման վրա աշխատանքի կազմակերպման դրական փորձի ներկայացմանը:
Ակնկալվում է բացահայտել այնպիսի հեռավար ուսուցման պրակտիկաներ, ծրագրեր, մեթոդներ, որոնք հնարավոր կլինեն տարածել նաև այլ համայնքներում և որոնք կարող են ընդհանուր կրթական դաշտի համար նախապայման հանդիսանալ:
Աշխատաժողովներին մասնակցելու ցանկացողները կարող են գրանցվել 2020 թ. հուլիսի 15-ից մինչև 2020 թ. օգոստոսի 21-ը: Մասնակցելու հայտը տեղադրված է լինելու նշված ժամկետում www.avc-agbu.org կայքում, իսկ դրա հղումը նաև՝ www.escs.am կայքում:
Առաջարկների և զեկուցումների (ներկայացումների) համար գրանցումը բաց է լինելու 2020 թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 1-ը: Հայտաձևը տեղադրված է լինելու նշված ժամկետում www.avc-agbu.org կայքում, իսկ դրա հղումը նաև՝ www.escs.am կայքում: