ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության բաժնից հայտնում են, որ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի» տնօրենի և տեղակալի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ դպրոցի տնօրենը, 2015 թ. զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016-2018 թթ. շահադիտական նպատակով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և դրանք դրել շրջանառության մեջ՝ կատարելով պաշտոնեական կեղծիքներ:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի տնօրենը, հաստատապես իմանալով, որ իր հրամանով նույն դպրոցում 2015 թ. նոյեմբերից մինչև 2016 թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում որպես ջեռուցող նշանակված իր դուստրը սովորել է համալսարաններից մեկի 5-րդ կուրսում, աշխատանքի չի հաճախել և 59 աշխատանքային օր բացակայել է, 2015 թ. դեկտեմբեր, 2016 թ. հունվար, փետրվար և ապրիլ ամիսների աշխատավարձի հաշվարկման և վճարման համար հիմք հանդիսացող աշխատանքի հաճախելիության վերաբերյալ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում», ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել՝ դստեր կողմից վերը նշված օրերին պատշաճ կարգով աշխատանքի հաճախելու և աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ, դրանք վավերացրել իր ստորագրությամբ, ՊՈԱԿ-ի կնիքով և դրել դրանք շրջանառության մեջ, իսկ տնօրենի՝ արձակուրդում գտնվելու ժամանակ բովանդակությամբ կեղծ աշխատավարձի ցուցակները և վճարման հանձնարարագրերը կազմվել են նույն կազմակերպության տնօրենի ուսումնական գծով տեղակալի կողմից:
Պարզվել է նաև, որ դպրոցի տնօրենը, շարունակելով իր հանցավոր գործունեությունը, հաստատապես իմանալով, որ դուստրը 2017 թ. նոյեմբերից մինչև 2018 թ. մարտ ընկած ժամանակաշրջանում ամուսնության հանգամանքով պայմանավորված Երևանում է բնակվում, աշխատանքի չի հաճախում, ինչպես նաև տեղյակ լինելով 2018 թ. հունիս-հուլիս ամիսներին հղիության և ծննդաբերության արձակուրդ մեկնելու հեռանկարի մասին, դպրոցի փոխտնօրենին և աշխարհագրության ուսուցչուհուն բանավոր կարգով հանձնարարել է դստեր փոխարեն դասավանդել համապատասխանաբար «կենսաբանություն» և «բնագիտություն» առարկաները՝ վերջինիս՝ աշխատանքից առանց հարգելի պատճառների բացակայելու հանգամանքը թաքցնելու, նրա ընդհանուր և մասնագիտական ստաժը չընդհատելու, աշխատատեղը նրա համար պահպանելու, նրա համար հղիության և ծննդաբերության արձակուրդ և երեխայի խնամքի արձակուրդ ստանալու, որպես վարձու աշխատող ավելի մեծ գումարի չափով մայրության նպաստ ստանալու իրավունքներն ապահովելու նպատակով:
2017 թ. նոյեմբերից 2018 թ. մարտն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամսվա համար կազմված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ դստեր կողմից այդ ժամանակահատվածում պատշաճ կարգով աշխատանքի հաճախելու և աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ, և դրանք վավերացնելով իր ստորագրությամբ և ՊՈԱԿ-ի կնիքով, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթերը դրել շրջանառության մեջ, ապա իր ստորագրությամբ և կազմակերպության նույն կնիքով վավերացրել է աշխատավարձի կեղծ ցուցակները և վճարման հանձնարարագրերը, ելքագրել է դստեր անվամբ հաշվարկված աշխատավարձը, որը վերջինս ստացել և առձեռն փոխանցել է տնօրենի տեղակալին և աշխարհագրության ուսուցչուհուն:
Իսկ դպրոցի փոխտնօրենը, տնօրենի դստեր՝ աշխատանքի չհաճախելու, նրա փոխարեն դասավանդելու հանգամանքը թաքցնելու, նրան աշխատանքից ազատելու համար հիմքեր չստեղծելու և անձնական այլ դրդումներով, նշված ժամանակահատվածի համար իր կողմից կազմված երկու «Ուսուցչի բաց թողած և փոխարինած ժամերի հաշվառման մատյաններում» «բնագիտություն» և «կենսաբանություն» առարկաների դասաժամերը բաց թողնելու, այդ դասաժամերն իր և աշխարհագրության ուսուցչուհու կողմից փոխարինելու հանգամանքները դիտավորությամբ չներառելու և թաքցնելու եղանակով դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին և տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: