Կառավարության որոշմամբ շուրջ 2,1 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 185 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ այդպես ապահովվո՞ւմ է նաև ժամանակավոր կացարանները բնակարան ձեռք բերելու պահին ազատելը:
«Այնպես չլինի, որ տնակների պատմությանը հանդիպենք, երբ ընտանիքը բնակարան է ստանում, բայց նախընտրում է իր տիրապետության տակ պահել նաև ժամանակավոր կացարանը: Այսպիսի դեպքերը պետք է բացառել»,- ասաց վարչապետը։
Սուրեն Պապիկյանն էլ պարզաբանեց, որ անհրաժեշտ իրավական կարգավորումները կան, պետք է միայն հետևել դրանց:
«Այս մարդիկ 88 թվականից մինչև օրս բռնագաղթի հետևանքով տարբեր տեղերում են բնակվել, սեփական տանիք չունեն, և նման որոշում Երևան քաղաքի համար նախկինում չի եղել»,- ասաց նա:
Ավելի ուշ Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է Կառավարության որոշմանը՝ գրելով.
«Կառավարության այսօրվա որոշմամբ մեկնարկեց Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց բնակապահովման ծրագրի երկրորդ փուլը։
2,1 մլրդ դրամ կուղղվի Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող 185 ընտանիքների բնակապահովման հարցի լուծմանը:
Հիշեցնեմ, որ նախորդ փուլով Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող 112 փախստական ընտանիքների կեսից ավելիին արդեն տրամադրվել են բնակարանների գնման վկայագրերը:
Երկրորդ փուլի համար ավելի հարթ և սահուն ընթացք ապահովելու նպատակով հստակեցվել են նաև ծրագրի առաջին փուլում ի հայտ եկած խնդիրների կարգավորման դրույթները»: