Երևանի ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկեց օրակարգից հանել ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին նախագիծը:
Պապիկյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունը հարցի մասին տեղյակ է պահվել ավագանու նիստից երկու շաբաթ առաջ, մինչդեռ այն ավելի խոր ուսումնասիրության կարիք ունի:
«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը զարմանք հայտնեց, որ ԵԿՄ-ին վերաբերող նախագիծը ավագանու մեծամասնությունը փորձում է օրակարգից հանել: «Այն, ինչ հնչեց քիչ առաջ, ինձ համար նվաստացուցիչ է: Ինձ համար դա ամոթ չէ, դա ձեր քաղաքական թիմի ամոթն է»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ այս նախագիծը հենց այնպես չի հասել ավագանի: Այս նախագծի վրա քաղաքապետարանը ԵԿՄ-ի հետ աշխատել է 6-8 ամիս: «Հանդիպել ենք ԵԿՄ-ի պատվիրակության հետ: Մեր պատվիրակությունը ղեկավարել եմ ես, ԵԿՄ-ի պատվիրակությունը՝ Սասուն Միքայելյանը: Ամեն տարածք առանձին-առանձին քննարկվել է: Եղել են տարածքներ, որ 800-ից դարձել են 200 քառակուսի մետր, եղել են տարածքներ, որ ընդհանրապես հանվել են մանկապարտեզների շենքից:
Այսօր նախագիծը տեղ ունի մտնելու օրակարգ և քվեարկվելու: Այդ մարդիկ գնացել զոհվել են, որ այսօր երեխաները հանգիստ գնան մանկապարտեզ»,- ընդգծեց Մարությանը:
Հարցը օրակարգից հանելուն կողմ քվեարկեց ավագանու 17 անդամ, 28-ը դեմ էին, նախագիծը մնաց օրակարգում: