Հայաստանի ԱԺ-ն հայտարարություն է տարածել՝ երախտիքի խոսք հղելով Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության դատապարտման առնչությամբ:
«Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատը լիագումար նիստում միաձայն ընդունեց (Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված) բանաձև, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության դատապարտմանը:
Այսպիսով՝ Չեխիայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Չեխիայի Սենատի ընդունած բանաձևը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չունեն: 105 տարի անց ևս միջազգային հանրությունը հիշում է Հայոց ցեղասպանությունը` մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկը և տալիս արժանի գնահատական:
Փաստաթուղթը կյանքի կոչվեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Միլան Շտյեխի և Միլուշե Հորսկայի, ինչպես նաև Սենատի մյուս անդամների հետևողական և սկզբունքային գործունեության արդյունքում:
Հայոց ցեղասպանության հիմնահարցը մշտապես եղել է հայ-չեխական միջխորհրդարանական օրակարգի անկյունաքարերից: Օրենսդիր մարմինների նախագահների, ինչպես նաև խորհրդարանական բարեկամական խմբերի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության արդյունքում արգասավոր քննարկումների հարթակ է ստեղծվել` իր կարևոր ձեռքբերումներով:
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության վերականգնման ու ժխտողականության վտանգավոր քաղաքականության դեմ պայքարի համար, այլ նաև կրոնական և էթնիկ պատկանելության հողի վրա կատարվող հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար»,- ասված է ԱԺ հայտարարության մեջ: