«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների՝ նիստերի դահլիճից հեռանալուն ու կատարվածի վերաբերյալ քաղաքական գնահատական ակնկալելուն, նշեց.
«Իրենց իրավունքն է՝ որպես պատգամավորներ, որպես խմբակցություն մասնակցել կամ չմասնակցել նիստերին: Այս առնչությամբ ուզում եմ հատուկ ընդգծել, որ մենք բաց ենք ցանկացած քննադատության և առաջարկների համար: Մենք բաց ենք իսկապես բովանդակային քննարկումների և քննադատությունների համար: Մեկ անգամ չէ, որ տեղի են ունեցել դրանք, և մեկ անգամ չէ, որ ընդունել ենք: Երբեմն եղել է, որ չենք ընդունել: Խոսքը բնավ նման դրսևորումների մասին չէ»,- ասաց Մակունցը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է միջադեպը սադրանք որակում, խմբակցության ղեկավարը նշեց, որ կան համընկնումներ, որոնք, կարծում է՝ պատահական չեն: «Կարծում եմ, որ քաղաքացիները, որոնք հետևում են ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցող իրադաձություններին, քննարկումներին, կփաստեն, որ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը իրեն դրսևորում է անհասկանալի բառամթերքով, ագրեսիվությամբ»,- ասաց Մակունցը:
Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ այն հանգամանքը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ չի քվեարկել այդ նախագծին և դրանից հետո նման կերպ է դրսևորում իրեն, հիմք է տալիս ենթադրելու, որ շատ սերտ կապեր ունեն այն շրջանակների հետ, որոնք առնչվում են տվյալ երևույթին: