Խորհրդարանն այսօր քննարկել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի փաթեթը:
ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ նախագծով նախատեսվում է սահմանել անձնական տվյալների, մասնավորապես՝ բժշկական գաղտնիքի մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումներ, նաև պատասխանատվություն նախատեսող դրույթներ, որպեսզի այդկերպ ապահովվեն քաղաքացիների անձնական կյանքը հարգելու, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների գաղտնիության պահմանման սահմանադրական իրավունքները։
«Նախատեսվում է ամրագրել պացիենտների իրավունքների և պարտականությունների ավելի հստակ շրջանակ՝ ապահովելով նրանց իրավունքների առավել արդյունավետ իրացումը։ Սահմանել հիմքեր և կարգավորումներ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կիրառման համար։ Օրենսդրորեն սահմանել արտակարգ իրավիճակների կամ ռազմական, կամ ահաբեկչական գործողությունների դեպքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները։ Ճշգրտել բժշկական փորձաքննությունների ցանկը, լրացնել օրենսդրական բացերը, սահմանել պարտադիր դատաբժշկական փորձաքննությունների դեպքերն ու ձևերը»,- նշեց Ավանեսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է նաև օրենսդրորեն կարգավորել բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները, ստեղծել բժշկական սարքավորումների, արտադրատեսակների գրանցման, ներմուծման և շրջանառության լիարժեք օրենսդրական հիմք։ Բավարարել բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող հարաբերությունները՝ ապահովելով էթիկայի հանձնաժողովի ստեղծումը և սահմանելով հանձնաժողովի գործառույթները։
Նախագծով նախատեսվում է նաև սահմանել բժշկական օգնության և սպասարկման տեսակները հեռաբժշկության, լիազորող նորմեր տալ դրանց իրականացման համար։
Նախագծով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար որպես պարտականություն է սահմանվում ՀՀ ոստիկանություն բժշկական կենտրոն տեղափոխված պացիենտի վերաբերյալ հաղորդում ներկայացնելը այն դեպքերում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դա բռնության կամ հակաօրինական այլ գործունեության հետևանք է։