Սյունիքի մարզի 91 ընտանիքներից յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել մեկնարկել նոր բիզնես ծրագրեր, որոնց միջոցով նրանք կկարողանան բարելավել իրենց սոցիալ-տնտեսական վիճակը՝ միաժամանակ կանխելով ավելորդ ճնշումը անտառների և շրջակա միջավայրի վրա՝ հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» դրամաշնորհային ծրագրի շահառուները կձեռնարկեն բազմատեսակ ձեռնարկատիրական գործունակություն՝ մրգատու այգիների հիմնումից մինչև կաթի ու պանրի արտադրություն, սառնարանային տնտեսությունների հիմնում, մեղվաբուծություն, թռչնաբուծություն, անգամ կենսահումուսի արտադրություն։
Հավանության արժանացած յուրաքանչյուր ձեռնարկատիրական ծրագրի գումարային չափը կազմում է մինչև 700․000 ՀՀ դրամ։ Դրանք բաշխվել են Մեղրու տարածաշրջանի 39, Սիսիանի տարածաշրջանի 25, Քաջարանի տարածաշրջանի 12, Կապանի տարածաշրջանի 10 և Գորիսի տարածաշրջանի 5 բնակավայրերի տնային տնտեսություններին։
Նշենք նաև, որ ծրագրի առաջին փուլով թիրախային 12 այլ բնակավայրերի ևս 49 տնային տնտեսություններին նույնպես տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ ստարտափ հիմնելու համար։ Օրինակ՝ Սրաշեն համայնքում կստեղծվի զբոսաշրջության ոլորտում պահանջված B&B ծառայությամբ հյուրատուն, իսկ Տաթև համայնքում կհիմնվի ձիարշավարան։
Ծրագրի գերակա նպատակն է նվազեցնել շրջակա միջավայրի՝ անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա ճնշումը՝ տեղի բնակիչների տնային տնտեսությունների զարգացման միջոցով։