Թուրքիայի նախագահականի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը հայտարարություն է արել՝ հերթական անգամ ներկայացնելով Անկարայի ժխտողական թեզերը:
«Առաջին համաշխարհային պատերազմի կործանարար ու տրավմատիկ պայմաններում 1915-ի ապրիլի 24-ի տեղահանության ու վերաբնակեցման որոշումը «հավատարիմ ժողովուրդ» անվանվող հայ ժողովրդի ոչնչացմանը միտված քաղաքականության արդյունք չէր»,- ասել է Քալընը։
Թուրք պաշտոնյան գրել է, որ ցեղասպանության թեման լոբբինգ է արվում, և որոշ հակաթուրքական քաղաքական շրջանակներ, իբր, միտումնավոր «նենգափոխում են պատմական փաստերը»՝ նպատակ ունենալով թշնամություն սերմանել։
«Թուրքիայի Հանրապետությունը և ժողովուրդը իր բոլոր շերտերով հանդերձ երբեք տուրք չի տալու այս շահարկման ստի ու զրպարտության արշավին»,- ասել է Քալընը։
Նա կրկին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկած պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այնուհետև խոսելով 2009-ի հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ դրանք անվանել է Արցախի հարցի լուծման, քաղաքական ու տնտեսական կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության համար արված քայլ՝ զրպարտելով Հայաստանին այդ «քայլն» անպատասխան թողնելու մեջ։