Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում 51-ամյա զինված տղամարդը ապրիլի 18-ին կրակ էր բացել նախ Պորտապիկ քաղաքում, այնուհետև՝ քաղաքից 50 կմ հեռու գտնվող մի քանի բնակավայրում: Նախնական տվյալներով՝ կար 17 զոհ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հայտարարությանը, զոհերի թիվն աճել է՝ հասնելով 23-ի:
«Մենք կարծում ենք, որ զոհերը 23-ն են, այդ թվում՝ 17 տարեկան երիտասարդ: Մյուսները մեծահասակներ են՝ կանայք և տղամարդիկ»,- գրված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ զոհերի թվում նաև 1 իրավապահ կա, որը կանադական ոստիկանությունում ծառայել է մոտ 23 տարի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրաձիգ Գաբրիել Վորթմանը գործել է միայնակ: Հանցագործության օրը նա կրել է Կանադայի դաշնային ոստիկանության հագուստ և վարել ոստիկանության ծառայողական մեքենա:
Հանցագործին հայտնաբերելու գործողությունը տևել է 12 ժամ և ավարտվել է հաջորդ օրը՝ առավոտյան, Գալիֆաքս քաղաքի մոտակայքում: Դեռևս չեն նշվում հանցագործության դրդապատճառները: